Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

«Հայաստանում քսան տարվա ընդդիմադիր գործունեությունը բաց դասագիրք է»

«Հայաստանում քսան տարվա  ընդդիմադիր գործունեությունը բաց դասագիրք է»
09.12.2013 | 15:40

«Քաղաքացիական պայմանագիրը» նախաձեռնած ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ irates.am-ը հիշեցրեց, որ 2006-07 թվականներին ինքը եղել է մեկ այլ՝ «Իմպիչմենթ» դաշինքի նախաձեռնողներից մեկը, հանդես էր գալիս հստակ ուղերձ ունեցող կարգախոսներով: Թե՛ դրական, թե՛ բացասական առումով ի՞նչ փորձ է տվել «Իմպիչմենթը» Նիկոլ Փաշինյանին, ի՞նչ հետևություններ է արել նախկինում իր անցած ճանապարհից: Եվ կա՞ն այսօր «Իմպիչմենթ» դաշինքից մարդիկ, ովքեր ցանկանում են աջակցել և միանալ «Քաղաքացիական պայմանագրին»:

«Չեմ նայել, իհարկե, կարծում եմ, կլինեն: Ինչ վերաբերում է նախկինում տեղի ունեցածին, ապա ասեմ, որ ոչ միայն մեր, այլև՝ հենց քսան տարվա մեր պատմությունը, ընդդիմադիր գործունեության պատմությունը բաց դասագիրք է: Յուրաքանչյուր ընդդիմադիր քաղաքական ուժ կարիք ունի կարդալու ու սերտելու այդ դասագրքի դասերը: Ես համոզված եմ, որ նա, ով կկարդա ու կսերտի այդ դասագրքի դասերը, կունենա շատ լուրջ հաջողություն»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեցինք, թե արդյոք հավակնո՞տ չէ պարտությունը բացառելու մասին իր և իր համախոհների հնչեցրած հայտարարությունը: Չէ՞ որ ոչ մի քաղաքական ուժ չի ցանկանում պարտվել և ամեն ինչ անում է հաղթանակի հասնելու համար: Սակայն Հայաստանում մինչ օրս ընդդիմությունը պարտվել է:

«Ընդհանրապես, քաղաքականության մեջ պլանավորելը, կանխատեսելը և այդ շրջանակներում մնալը շատ դժվար է: Քաղաքականությունն ինքն անկանխատեսելի է: Բայց երբեմն նույնիսկ հարյուր տոկոսանոց հաղթական իրավիճակներում կարելի է պարտվել: Նման իրավիճակներ մենք ունեցել ենք պատմության մեջ: Շատ կարևոր է, որ քաղաքական հավակնություն ցուցաբերելուց առաջ ստեղծվի այդ հավակնությունը սպասարկելուն ընդունակ ինստիտուցիոնալ համակարգ: Անկեղծ ասած, հիմա, երբ շատ քաղաքական իրադարձությունների նայում ենք հետահայաց, զարմանում ենք, թե ոնց չէինք տեսնում, որ այդ իրավիճակում մենք պարտվելու ենք: Երբեմն հայտնի ասացվածքի համաձայն՝ ամեն ինչ վերլուծում ենք հայի հետին խելքով: Մենք հայի հետին խելքով կվերլուծենք, բայց կփորձենք ապագայում կիրառել այն դասերը, որոնք քաղել ենք մեր գործունեության պատմությունից: Մենք շատ դեպքերում պարտվել ենք, որովհետև չենք տեսել այն թույլ տեղերը, որոնք պետք էր ուժեղացնել, և այն ժամանակ հաղթանակը շատ ավելի հնարավոր կլիներ: Ոգևորությունը, էքստազը, էմոցիան ավելի շատ դեր են խաղացել: Ընդ որում՝ ես ինձ այդ ամենի համար համարում եմ պատասխանատու: Եթե պատասխանատվության մասին է խոսքը, ապա համարենք, որ առաջին պատասխանատուն ես ինքս եմ: Հենց այդ պատասխանատվությունը ստանձնելով, պատրաստակամությամբ ես փորձում եմ քավել նախկինում քաղաքական պրոցեսներում թույլ տված սխալները»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1333

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ